Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները ճանաչողական այց են կատարել Փորձաքննությունների ազգային բյուրո
Ապրիլի 30-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում հյուրընկալվել էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտության մագիստրանտները։
Այցի նպատակն էր ուսանողներին մոտիկից ծանոթացնել հոգեբանական փորձաքննությունների կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև ներկայացնել Բյուրոյում պրակտիկա անցնելու և մասնագիտական կարիերա սկսելու հեռանկարները։
Հյուրերին դիմավորեցին Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը, Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը և Ուսուցման ու որակավորման կենտրոնի պետ Մարինե Սերոբյանը։
Հանդիպման ընթացքում Պատվական Ոսկանյանը ներկայացրեց Բյուրոյի գործունեության հիմնական ուղղությունները, գիտամեթոդական բազան և միջազգային համագործակցության կապերը՝ ընդգծելով, որ կառույցը մեծապես կարևորում է գիտական և կրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումը։ Նա հավելեց, որ Բյուրոն բաց է համագործակցության համար և պատրաստ է ուսանողներին ապահովել անհրաժեշտ գործնական հմտություններով, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ հենք՝ փորձագիտական ոլորտում նրանց հետագա մասնագիտացման համար:
Այնուհետև պրոֆեսոր Ռ. Աղուզումցյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ անդրադառնալով հոգեբան-փորձագետի դերին, աշխատանքային առանձնահատկություններին և հոգեբան-փորձագետների պատրաստման գործընթացին՝ ընդգծելով մասնագիտական որակավորման և գործնական հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը։ Նա մասնագիտական խորությամբ վերլուծեց փորձագետի աշխատանքի մեթոդաբանությունը՝ այդ ամենը դիտարկելով Հայաստանում հոգեբանության՝ որպես գիտության կայացման և զարգացման համատեքստում։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։
Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացում արդյունավետ փոխգործակցության իրականացումը՝ պատրաստակամ լինելով աջակցել դատական փորձաքննությունների ոլորտով հետաքրքրված բուհերի ուսանողների որակյալ կրթության իրականացմանը։
06 May 2026






.jpg)